National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.05.2023
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին հաղորդումը
1 / 32

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 3-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այն կազմված է 11 հիմնական բաժիններից: Գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է դատախազության համար առաջնահերթություն համարվող ոլորտներից մի քանիսին՝ կոռուպցիայի դեմ պայքարին, պետական շահերի  պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջներին, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը կամ, այլ կերպ ասած, «ուշացած արդարադատությանը»: Նա ներկայացրել է նախորդ տարի հանրապետությունում արձանագրված հանցավորության վիճակագրությունը. 2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որից 21.604-ը՝ Երեւան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4 տոկոսով: 2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ:

2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3 տոկոսով (2021 թվականին՝ 14.629, 2022 թվականին՝ 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8 տոկոսով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2 տոկոսով (2021 թվականին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4 տոկոսով (2021 թվականին՝ 350, 2022 թվականին՝ 880): Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի մասով Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում: Հետեւաբար, 2022 թվականին, առանց հանկարծամահությունների դեպքերի հաշվառման, կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Հանցագործության 37.612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1 տոկոսը, ոչ մեծ (21.281 դեպք կամ 56.6 տոկոսը) եւ միջին ծանրության (10.371 դեպք կամ 27.6 տոկոսը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում կազմում են 2.3 տոկոս (2021 թվականին՝ 1.2 տոկոս), իսկ ծանր հանցագործությունները` 13.5 տոկոս (2021 թվականին՝ 14.7 տոկոս):

2022 թվականին աճել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

2022 թվականին նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2021 թվականին՝ 15.149, 2022 թվականին՝ 13.902):

Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի, 2022 թվականին կազմել է 58՝ նախորդ տարվա 60-ի դիմաց, այսինքն՝ 2-ով կամ 3.4 տոկոսով պակաս: Երեւան քաղաքում սպանության դեպքերի թիվը նվազել է 8-ով կամ 30.8 տոկոսով (2021 թվականին՝ 26, 2022 թվականին՝ 18), իսկ մարզերում աճել է 6-ով կամ 17.6 տոկոսով (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 40):

Հաշվետու տարվա ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76,3 տոկոսով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց: «Թեեւ բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը բացահայտման տեսանկյունից դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ ու հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի ու ածանցյալների աճող տարածվածության մասին եւ արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողությունները»,- նշել է Աննա Վարդապետյանը:

2022 թվականին 2021 թվականի համեմատ արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 354 դեպքով կամ 34,2 տոկոսով աճ, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 12,5 տոկոս 2021 թվականի 23 տոկոսի դիմաց:

2022 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է պետական իշխանության, պետական ծառայության եւ կառավարման համակարգի դեմ ուղղված հանցագործությունների 20,2 տոկոսով աճ:

Արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք: 2021 թվականի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով. նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքերի նվազմամբ: 2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու, փողերի լվացման ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերը:

Պետական շահերի պաշտպանության ոլորտից խոսելով՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 428 իրավախախտում: Հաշվետու եւ նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ: 2022 թվականին դատարաններ են ներկայացվել 91 հայց` 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ կամ վարույթ:

Գլխավոր դատախազը նշել է, որ 2022 թվականի ընթացքում պետական կառավարման ոլորտում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետեւանքով պետությանը եւ համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասներ ու մատնանշել դրանցից Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ներառված մի շարք հասցեներում գտնվող պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման վերաբերյալ հանցանքի մասին ներկայացված հաղորդումը, որոշ համայնքներում հողամասերի ու անշարժ գույքերի ապօրինի օտարման գործընթացները:

Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքներից: 2022 թվականին Գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ: 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական եւ ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն եւ ավելի քան 92 մլրդ դրամ: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ եւ շուրջ 45 շարժական գույք: Բռնագանձման ենթակա գումարի չափը շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ է: Հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ: Բռնագանձման պահանջներ են ներկայացվել Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրանց փոխկապակցված անձանց:

Մանրամասները՝ այստեղ:

Աննա Վարդապետյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերին, Գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության կարողությունների ընդլայնմանը, առցանց առեւտրի դեպքերում խաբեությամբ դրամ կորզելուն, առցանց առեւտրում խարդախության ժամանակակից ձեւերին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, թմրամոլության աճին, ոստիկանական բարեփոխումներին եւ այլն:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե որ փուլում են պետական մակարդակի հանցագործությունների բացահայտման վերաբերյալ քննությունները:

«Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ հաղորդման նախագծում եղել են, բայց դրանք չեն ներառվել փաստաթղթի վերջնական տարբերակում»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը եւ հավելել. «Իմ գնահատմամբ բովանդակային առումով Ազգային ժողովին եւ հասարակությանը, ցավոք, դեռ ասելիք չունեինք»: Աննա Վարդապետյանը նշել է` երկու վարույթներով էլ կատարվում են քննչական գործողություններ եւ վստահեցրել, որ դատախազության իրականացրած աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կծանուցվի խորհրդարանին եւ հասարակությանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ հետաքրքրվել է ընտանեկան բռնության եւ կանանց հանդեպ բռնության դեպքերի վիճակագրության վարման մեթոդաբանությամբ: Աննա Վարդապետյանը նշել է, որ գործընկերների հետ կվերանայեն վիճակագրության վարման ձեւաչափը: «Ոչ միայն ընտանեկան բռնության, այլեւ ընդհանուր հանցավորության վիճակագրության վարման տեսանկյունից աշխատանք ունենք անելու եւ հանձնառու ենք այդ աշխատանքն իրականացնելու հարցում»,- ընդգծել է զեկուցողը: Աննա Վարդապետյանի խոսքով քիչ չեն դեպքերը, երբ ընտանեկան բռնության դրսեւորում է լինում սպանությունը եւ, ցավոք, պարզվում է` իրավապահ մարմինները տեղյակ են եղել ընտանիքում անբարյացակամ հարաբերությունների մասին:

Թմրամոլության աճին զուգահեռ բացահայտումների նվազումն արդյո՞ք չի նշանակում, որ ոստիկանական բարեփոխումները, եթե չեն ձախողվել, ապա սխալ ուղղությամբ են իրականացվում: Նման հարց է ուղղել պատգամավոր Արթուր Խաչատրյանը: ՀՀ գլխավոր դատախազը չի համաձայնել, որ բարեփոխումները ձախողել են: Նրա խոսքով փոխվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորությունը. «Եթե նախկինում թմրամիջոցների առուվաճառքն իրականացվում էր առձեռն` որոշակի անձանց միջոցով, որոնք քիչ թե շատ օպերատիվ մարմիններին հայտնի էին, այսօր գործընթացն իրականացվում է կիբեռտիրույթում եւ ենթադրում է նոր քննության մեթոդիկա, հետեւաբար, նոր գիտելիքներ: Եվ այս առումով բարեփոխումները խիստ անհրաժեշտ են ինչպես կադրային, այնպես էլ համակարգային եւ կառուցվածքային»: Նշվել է, որ հանցավորության որակական փոփոխությունը չի նշանակում, որ բարեփոխումները ձախողվել են:

«Բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, այդ թվում` պարեկային ծառայության ներդրման ձեւաչափով: Եվ, այո', պարեկային ծառայությունը` որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: 
 
Ելույթների ընթացքում, ի թիվս շատ հարցերի, պատգամավորներն անդրադարձել են նաեւ հանցագործության դեմ պայքարի, ապօրինի ծագման գույքի, դրա բռնագանձման, թմրամիջոցների դեմ պայքարի, հանցագործությունների վիճակագրության հավաքագրման ու դա կանոնակարգելու օրենսդրական բացերի եւ այլ թեմաների:

Պատգամավորները նկատել են, որ հանրությունը Գլխավոր դատախազից մեծ սպասելիքներ ունի ու հավելել, որ իրենք պատրաստ են Քրեական դատավարության մեջ փոփոխություններ կատարել, որպեսզի ավելացվեն դատախազության լիազորությունները:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով դատախազությունը երկակի ստանդարտներ է կիրառում: Արծվիկ Մինասյանը նշել է, որ բռնությունն ու խոշտանգումն արդարացվում են, եթե իրականացնում են իրավասու մարմինները՝ հիշելով 2021 թվականին իր ու ՊՊԾ-ի միջեւ տեղի ունեցած դեպքն ու կարդացել դատախազության եզրակացությունը՝ «Արծվիկ Մինասյանը, խառնաշփոթի ու քաշքշուկի պատճառով, հարվածվել է մոտակայքում գտնվող առարկաներին ու ստացել մարմնական վնասվածքներ»:

«Դուք կալանավորումը որպես պատժի միջոց եք օգտագործում: 18 անձ՝ «օրինականության պայմաններում», անազատության մեջ մահացել է, որոնցից մեկը՝ դատարանի դահլիճում»,- ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Խոսելով ապօրինի գույքի բռնագանձման մասին՝ Արծվիկ Մինասյանը հարկ է համարել նկատել, որ ընդդիմության նպատակն ապօրինի գույքը բռնագանձելն ու պետական գույք դարձնելն է, ոչ թե նորահայտ օլիգարխներին փոխանցելը:

Ամփոփելով ելույթը՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարը նշել է, որ պատրաստ են հանդես գալ նախաձեռնությամբ, որը կքրեականացնի պետական պաշտոնյայի ասած սուտն ու ատելության խոսքը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից էլ ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որն ի պատասխան Արծվիկ Մինասյանի ելույթի՝ խնդրել է, որ պատգամավորն իրականությունը չխեղաթյուրի, ու հակափաստեր է ներկայացրել:

«Պատերազմից հետո ընդդիմադիրները լրագրողներին ծեծում էին, ոստիկաններին՝ քարերով հարվածում: Հասարակական կարգ էիք խանգարում, ոստիկանությունն էլ ադեկվատ գործողության դիմեց ու համարժեք ուժ կիրառեց»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Խմբակցության քարտուղարը նկատել է՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ընդդիմությունն էլի բացակայել է ԱԺ նիստերի դահլիճից:

«Հանրությունը դատախազությունից մեծ ակնկալիքներ ունի: Ապօրինի գույքի բռնագանձման թվերն իրականում տեղի ունեցածի 10-15 տոկոսն են կազմում: Տարիներ շարունակ մարդիկ ամեն ինչ արել են, որ ցածր կրթական ցենզով հանրություն ունենանք»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Գլխավոր դատախազին զեկույցի համար ու համոզմունք հայտնել, որ Աննա Վարդապետյանը հաջողել է իր գործում: Այդ համատեքստում Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ Գլխավոր դատախազի՝ հաջորդ տարվա զեկույցն ավելի մեծ բացահայտումների մասին է լինելու:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, պարզաբանումներ տվել դրանց:

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր դատախազին հանգամանալից հաղորդման համար, ԱԺ անունից հայտնել, որ իշխանությունը բավարար քաղաքական կամք ունի Հայաստանը կոռուպցիայից, կաշառակերությունից, քրեական վարքուբարքից զերծ պահելու համար: Հակոբ Արշակյանը Գլխավոր դատախազին ԱԺ աջակցությունն է հայտնել՝ օրինաստեղծ աշխատանք կատարելու շրջանակում:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am